Գագիկ Հարությունյան․ Նախագահների անձեռնմխելիությունը բացարձակ չէ

Գագիկ Հարությունյան․ Նախագահների անձեռնմխելիությունը բացարձակ չէ

PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրությամբ պաշտոնաթող նախագահի համար սահմանված անձեռնմխելիությանը, ասել է, որ այն բացարձակ չէ, հայտնում է «Առավոտ» օրաթերթը:

«Բացարձակ ոչինչ չկա, իսկ Սահմանադրությունը «բացարձակ անձեռնմխելիություն» բառը չի օգտագործում: Սահմանադրությունը հստակ ասում է, որ անձեռնմխելիությունը տարածվում է նաև պաշտոնաթողությունից հետո՝ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն առնչվող հարցերի վրա: Իսկ դա նշանակում է, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ», - ասել է նա:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից. նրա պաշտպանները պնդում են՝ պաշտոնաթող նախագահը Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիություն ունի և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման` իր կարգավիճակից բխած գործողությունների համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քոչարյանին՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահամանադրության կարգը տապալելու համար:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Այս օրը Երևանում 10 մարդ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---