«Տարածիր ԱՐՎԵՍՏ» կրթամշակութային արշավ․ Խաղայնացված արվեստի ուսուցումը հասնում է մարզեր

«Տարածիր ԱՐՎԵՍՏ» կրթամշակութային արշավ․ Խաղայնացված արվեստի ուսուցումը հասնում է մարզեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Էյվա արվեստների հիմնադրամն ազդարարել է «Տարածիր ԱՐՎԵՍՏ» կրթամշակութային արշավի մեկնարկը, որը կխթանի արվեստի կրթությունը, հայկական արվեստի ճանաչումն ու տարածումը Հայաստանի մարզերի 11,000 աշակերտի շրջանում՝ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։

«Տարածիր ԱՐՎԵՍՏ» արշավի ընթացքում խաղային անմիջական միջավայրում երեխաները կբացահայտեն և կճանաչեն հայկական լեռնաշխարհը, պատմությունը, բնությունը, հայի կերպարը հայ անվանի նկարիչների աչքերով։ Առաջին փուլում նախատեսվում է նվիրաբերել ավելի քան 500 ԱՐՎԵՍՏ խաղ-գիրք 6 մարզի 85 դպրոցին։

Արշավի մեկնարկի միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է երեխաների ճաշակի ձևավորման հարցում արվեստի կարևորությանը:

«Վերջին ամիսներին փորձում են շեշտը դնել մշակույթի վրա, որպես գործակցության հարթակ Եվրոպայի և Հայաստանի միջև։ Չեմ ուզում նշել բոլոր այն ծրագրերը, որոնք մշակում ենք, որովհետև այս ծրագիրն ավելին է, քան մեր մշակութային դիվանագիտությունը։ Հայաստանի և արտերկրի երեխաների շրջանում այն բարձր ճաշակ ձևավորելու համար է»,- ասել է Սվիտալսկին։

«Արշավի նպատակն է խթանել արվեստի կրթությունը, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ երեխաների՝ արվեստային միջավայրին առնչվելու հնարավորությունները սահմանափակ են, ինչպես օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային կրթօջախներ», - ասել է Էյվա արվեստների հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Լիա Մխիթարյանը։

Շնորհանդեսի ընթացքում յուրահատուկ ինտերակտիվ բեմականացմամբ հանդես է եկել Փոքր թատրոնի ստեղծագործական թիմը՝ պարի միջոցով խոսելով արվեստի արտահայտչականության մասին։

Մեկ տարի առաջ Էյվա արվեստների հիմնադրամը նախաձեռնեց արվեստը խթանող խաղայնացված կրթական նյութերի մշակում և հանրայնացում՝ հաշվի առնելով այն բացը, որն առկա է այսօր․ այն է՝ արվեստի վերաբերյալ երեխայակենտրոն, մատչելի ուսումական նյութերի հասանելիություն։ ԱՐՎԵՍՏ խաղ-գիրքն առաջինն էր, որն առավել մատչելի, պատկերավոր և երեխաների համար գրավիչ ձևաչափով ներկայացրեց 19-20-րդ դդ․ հայ 12 մեծանուն նկարիչներին` Հակոբ Հովնաթանյանից մինչև Մինաս Ավետիսյան, և նրանց հայտնի գործերը։

«Խաղ-գիրքը յուրահատուկ ձեռնարկ է երեխաների մոտ խթանելու ճաշակը, ստեղծարար միքտը, ընդլայնելու մտահորիզոնը։ Գիտականորեն ապացուցված է, որ արվեստը ոչ միայն գիտելիք է, այլև միջոց, որը խթանում է երեխաների ակադեմիական առաջընթացը տարբեր բնագավառներում։», - ասել է Հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Ստեփանյանը:

Արվեստի ուսուցման խաղայնացումը վերափոխում է դասարանում թեմայի ներկայացման ավանդական մոտեցումը՝ առաջարկելով խաղային, անմիջական և երեխայակենտրոն միջավայր, որը նպաստում է և գիտելիքի, և կարողությունների ձեռքբերման արդյունավետության բարձրացմանը։

«Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությունների ղեկավար Գայանե Այվազյանի խոսքով՝ խաղի միջոցով երեխաները անկաշկանդ խոսում են արվեստի մասին, կարողանում են ազատ ինքնարտահայտվել, իսկ ուսուցումը դառնում է չպարտադրված և հաճելի:

ԱՐՎԵՍՏ-ի խաղային ձևաչափի և մատչելիության շնորհիվ կարճ ժամանակում այն սկսեց կիրառվել մի շարք կրթական հաստատությունների կողմից թե Երևանում, թե մարզերում։ Խաղի քարտային ճկուն ձևաչափը թույլ է տալիս կիրառել այն ոչ միայն արվեստին և մշակույթին հատկացված դասերի, այլ նաև առարկայական այլ դասաժամերի, ինչպես օրինակ՝ օտար լեզուների ուսուցման ընթացքում։

«ԱՐՎԵՍՏ-ն ինձ շատ է օգնում է խթանել երեխաների հետաքրքրությունը ուսուցման հանդեպ՝ լինի արվեստ, պատմություն, թե լեզուներ։ Նրանք նույնիսկ չեն զգում, թե ինչպես են սովորում, քանի որ խաղը նրանց բնական հոգեվիճակն է»,- պատմում է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի երիտասարդ ուսուցիչներից Քնարա Հովհաննիսյանը, որը դասավանդում է Լոռու մարզի Կողեսի գյուղի դպրոցում։

Վերջերս ԱՐՎԵՍՏ խաղ-գիրքը ճանաչվեց և հաստատվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնադիդակտիկ նյութ։

Միջոցառման ընթացքում Էյվա արվեստների հիմնադրամը հանրությանը ներկայացրել է նաև ԱՐՎԵՍՏ խաղ-գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակները, որոնք ընդլայնում են հայկական արվեստի հասանելիության սահմանները՝ մատչելի դառձնելով արվեստը ինչպես աշխարհասփյուռ հայ համայքներում և կրթօջախներում, այնպես էլ միջազգային հարթակներում։

«Տարածիր ԱՐՎԵՍՏ» արշավին արդեն իր աջակցությունն է հայտնել «100 տարի, 100 փաստ» հիմադրամը, որի շնորհիվ շուտով 100 խաղ հասանելի կդառնա շահառու մի շարք մարզային դպրոցներին։ Արշավին կարող են միանալ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, ընկերությունները, անհատները՝ աջակցելով արվեստի հասանելիությանն ու տարածմանը Հայաստանի առավելապես խոցելի համայնքների աշակերտների շրջանում։

Այս արշավը «Հայ արվեստի կրթություն» ծրագրի մասն է, որն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Կամուրջ ՔՀԿ-երի համար» ծրագրի շրջանակում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---