Վրաստանն արտահանման համար մարիխուանա չի աճեցնի. Եկեղեցին դեմ է

Վրաստանն արտահանման համար մարիխուանա չի աճեցնի. Եկեղեցին դեմ է

PanARMENIAN.Net - Վրաստանում մարիխուանայի աճեցման մասին օրինագիծը հետ է կանչվելու: Այդ մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպումից հետո:

«Պատրիարքի հետ քննարկված գլխավոր թեման մարիխուանայի աճեցման մասին օրինագիծն էր: Ավելի վաղ մենք այդ հարցը քննարկել էինք մեր թիմում և որոշել հետ կանչել խորհրդարանից: Մենք նախկինում էլ ենք հայտարարել, որ չենք ընդունի օրինագիծն առանց լայն քննարկման և հանրության ու եկեղեցու հետ փոխհամաձայնության գալու: Եվ մենք կատարեցինք խոստումը», -ասել է Կոբախիձեն, հայտնում է Ինտերֆաքսը:

Բժշկական և կոսմետոլոգիական նպատակներով մարիխուանայի մշակման մասին օրինագծի քննարկումը կասեցվեց Վրաց եկեղեցու կտրուկ արձագանքի և հանրության ներկայացուցիչների բողոքներից հետո:

Օրինագծի հեղինակներից մեկը՝ միլիարդատեր և իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է լրագրողներին, որ մարիխուանայի մշակումը միլիարդավոր եկամուտներ կբերեր Վրաստանին, սակայն շեշետել էր, որ դա պետք է արվի եկեղեցու և հանրության հետ համաձայնությամբ:

Սեպտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով կոշտ իրավական սահմանափակումներ են նախատեսված մարիխուանայի կիրառման համար:

Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Ջափարիձեի և Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---