Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ է մտել

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ է մտել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին:

Պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են նավթարդյունաբերական և բանկային ոլորտների դեմ: Վաշինգտոնն արգելում է իրանական նավթ գնել և բիզնես վարել Իրանի նավթարդյունաբերական ձեռնարկությունների հետ: Բացի այդ, փաթեթը տուգանային միջոցներ է նախատեսում նաև նավագնացության և նավաշինության ոլորտներում, գրում է Deutsche Welle-ն:

Պատժամիջոցներն առնչվում են նաև երրորդ երկրների ընկերություններին, որոնք առևտրային գործեր են վարում Իրանի հետ: Նման ընկերությունները մասնավորապես կզրկվեն ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիությունից և չեն կարողանա գործարք կնքել ԱՄՆ դոլարով: Սպառնալիքի տակ է հայտնվել նաև գերմանական ընկերությունների բիզնեսն Իրանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներն անվանել է ամենախիստը երբևէ սահմանվածներից»:

Մինչդեռ Reuters-ը հայտնել է, որ Հարավային Կորեան այն երկրների թվում է հայտնվել, որոնք ժամանակավոր ազատված են իրանական նավթի ներկրման էմբարգոյի կիրառումից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ էմբարգոյի կիրառումից 180 օրով ազատվել է 8 երկիր, սակայն դրանք չեն նշվում:

Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նախկինի պես բաց է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու համար: Ըստ Թրամփի, Վաշինգտոնի նպատակն է կանգնեցնել Թեհրանին պարզ և հստակ ընտրության առջև՝ դադարեցնել «չարամիտ վարքը»՝ հրաժարվելով միջուկային հավակնություններից կամ շարունակել գնալ դեպի տնտեսական աղետ:

Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---