Մնացականյան. ՀՀ-ն կարևորում է Դուշանբեի պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ

Մնացականյան. ՀՀ-ն կարևորում է Դուշանբեի պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը վճռական է շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման և արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն Աստանայում ընթացող ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում։

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշել, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտել խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծել է, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման և քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։ Նշվել է, որ այս հարցը հանդիսանում է լրջագույն մարտահրավեր միջազգային անվտանգությանը, և պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նախարարական համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---