Մարության. Եթե ապօրինի շինարարություն է, միանգամից պետք է դադարեցվի

Մարության. Եթե ապօրինի շինարարություն է, միանգամից պետք է դադարեցվի

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ապօրինի շինարարությունը միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին ներկայացնելով վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին:

Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:

«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը, հայտնում է լրատվական ծառայությունը:

«Մենք կառուցում ենք նորմալ քաղաք, ձևավորում ենք նորմալ հասարակություն և պետություն: Մեր քաղաքի զարգացումն ու կառուցապատումը պետք է լինի միայն օրինական, միևնույն ժամանակ մարդկանց կարող եք իրազեկել, որ մենք շատ դյուրացնելու ենք օրինական ճանապարհով շինարարություն կատարելը»,-նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել է քաղաքապետը:

Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում ապօրինի շինարարությունէ կասեցվել: Հասարակական շինություն է մեծ ծավալի, ոչ մի փաստաթուղթ չունեն: Վարչական շրջանի աշխատակիցները և Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատակիցները հրատապ եկել են դեպքի վայր, կասեցրել շինարարական աշխատանքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---