Նաիրա Զոհրաբյան. Առաջիկա օրերին տեղափոխվում եմ Սյունիք

Նաիրա Զոհրաբյան. Առաջիկա օրերին տեղափոխվում եմ Սյունիք

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք և հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները և ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։ Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը և մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլևս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»,-նշել է նա:

Անդրադառնալով հենց Սյունիքում առաջադրվելու պատճառներին՝ Զոհրաբյանը գրել է. «Ինչո՞ւ, որովհետև քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում և գյուղում և ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։Եվս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, և իմ արմատները ինձ համար անչափ կարևոր ու սիրելի են»։

Նա հավելել է, որ իր կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։

«Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին»,-ասվում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ։

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018-ի դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---