Հարությունյան. Արցախում $100 մլն ներդրումով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը

Հարությունյան. Արցախում $100 մլն ներդրումով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը

PanARMENIAN.Net - Ավարտվել են Արցախում ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը:

«Ինչպես հիշում եք, եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:

Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:

Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգն Արցախում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսվում է ավելի քան կրկնապատկել առկա ծավալը»,-ասվում է գրառման մեջ:

Հարությունյանը նշել է, որ ներդրողների հետ պայմանավորվել են նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: Նշվում է, որ 2018-ի 9 ամսվա տվյալներով՝ Արցախում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը նախատեսվում է հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի:

«Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, որոնց հետ արդեն քննարկում ենք ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր: Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր: Նշեմ նաև, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ: Սպասե՜ք լավ լուրերի», - ասվում է Հարությունյանի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահի խորհրդական, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն առաջին էլեկտրամոբիլը կներկրի Արցախ: Նա հայտարարել է, որ ժամանակն է, որ Արցախում անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ ստեղծվեն էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու համար՝ հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և Արցախում առկա էներգետիկ հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---