Սվիտալսկի. ԵՄ-ն սպասում է ՀՀ պատմության լավագույն ընտրություններին

Սվիտալսկի. ԵՄ-ն  սպասում է ՀՀ  պատմության   լավագույն ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ ԵՄ-ն սպասում է Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Նա կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին:

Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ:

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ արտահերթ ընտրությունները կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար:

«Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել Թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն», - ասել է նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը նշել է, որ հայ հասարակությունն եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---