«Արզնի կաթը» տուգանվել է 20 մլն դրամով կաթնաշոռում բուսայուղ օգտագործելու համար

«Արզնի կաթը» տուգանվել է 20 մլն դրամով կաթնաշոռում բուսայուղ օգտագործելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 միլիոն դրամով տուգանել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար:

ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ասել է, որ դիտանցումներ են իրականացվել 2 տասնյակ մանկապարտեզներում` կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով:

«Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն… մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում հայտնաբերվել է բուսական յուղ:Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ»,-ասել է նա: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կաթնամթերքը անբարեխիղճ մրցակցության տեսանկյունից ռիսկային արտադրատեսակ է համարվում: «Վերջին տարիներին կաթնամթերք արտադրում են հիմնականում բուսայուղով, ինչն արտաքին տեսքով, համով և հոտով չի տարբերվում, բայց որակի առումով տարբեր ապրանքատեսակ է հանդիսանում: Որոշ արտադրողներ մատակարարում են բուսական յուղով պատրաստված արտադրանք, ինչը բարեխիղճ տնտեսավարողներին դուրս է մղում շուկայից»,-ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ շատ սպառողներ նախապատվություն են տալիս գներին, սակայն ցածր գինը կարող է վկայել, որ գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացվել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա՝ այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «Սեփական անարատ կաթից», «Մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես, նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Ընկերությունը 2014թ. ևս հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---