Փաշինյան. Ժամանակն է՝ «ընտրություններ» և «խաղաղություն» բառերում հակադրություն չնկատենք

Փաշինյան. Ժամանակն է՝ «ընտրություններ» և «խաղաղություն» բառերում հակադրություն չնկատենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կաթողիկոսը նշել է՝ եկեղեցու ցանկությունն է, որ առաջիկա ԱԺ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն հայ ժողովրդի, երկրի բարի անվան և բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն երկրի առաջընթացին:

Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար՝ Փաշինյանը նշել է, որ իր համար կարևոր է շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի հետ:

«Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել: Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, և ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

ԱԺ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---