ՀՀ նախագահն իտալացիներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնումը

ՀՀ նախագահն իտալացիներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում է, ռեստավրացիոն աշխատանքներով զբաղվող իտալացի կառուցապատողներին առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Այդ մասին նա ասել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է մոտ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկալի էր համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ մասին նա ասել էր Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---