Թուրքիան կարող է ռուսական Ս-400-ները փոխարինել ամերիկյան Patriot-ներով

Թուրքիան կարող է ռուսական Ս-400-ները փոխարինել ամերիկյան Patriot-ներով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ըստ նրա, հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Անկարայի և Վաշինգթոնի միջև: Պաշտոնյան նշել է նաև, որ միևնույն ժամանակ դրական առաջընթաց են գրանցել բանակցությունները՝ Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման ուղղությամբ:

«Չեմ կարող ասել՝ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ այդ Ս- 400-ների գործարքի պատճառով, թե՝ ոչ, այնուամենայնիվ նման հավանականություն կա: ԱՄՆ վարչակազմը դրական տրամադրվածություն չունի այս հարցով», - նշել է պաշտոնյան:

Ըստ նրա, չնայած Թուրքիան ինքնիշխան երկիր է, որը կարող է ՌԴ-ից սպառազինություն գնելու որոշում կայացնել, այնուամենայնիվ, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր գործարքը համարվում է խնդրահարույց:

«Այն շրջաններում, որտեղ հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ են թռչում, Ս-400-ները վտանգ են ներկայացնում», - եզրափակել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---