Սրմաքեշի $28.5 մլն-ն ու նախորդ իշխանության ձախողած «Հին Երևանը». ԼՂ նախկին վարչապետը մանրամասներ է պատմել

Սրմաքեշի $28.5 մլն-ն ու  նախորդ իշխանության  ձախողած «Հին Երևանը». ԼՂ նախկին վարչապետը մանրամասներ է պատմել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Հին Երևան» նախագծին, գրել է, որ 2014 թվականին սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով, $28.5 մլն է փոխանցել կառավարությանը՝ նախագծի իրականացման համար։

Ըստ Հարությունյանի, ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը ստանձնում էր պարտավորություն մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2015 թվականի նոյեմբեր ամիսը, կյանքի կոչել Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը, ինչպես նաև կազմել նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, որտեղ հաշվի պիտի առնվեր տարածքում առկա պատմաճարտարապետական հուշարձանների անձեռնմխելի մնալը։ Այնուհետև դրանք պետք է փոխանցվեին պարոն Սրմաքեշին նախագծի լիարժեք իրականացման համար։

«Սակայն ՀՀ կառավարությունը թերացավ և այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները ինչպես տարածքի օտարման, այնպես էլ քաղաքաշինական և ճարտարապետական փաստաթղթերի կազմման առումով: Ավելին, բանակցությունների ընթացքում Վարդան Սրմաքեշին խնդրել էին, որպեսզի նախագծի դիմաց հնարավորինս կարճ ժամանակում կառավարությանը փոխանցի $28.5 մլն, քանի որ ծրագրի ձգձգման հետևանքով գործադիրը բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների պատճառով հայտնվել էր ծանր կացության մեջ: Վարդան Սրմաքեշը հաշված օրերի ընթացքում պարտաճանաչ կերպով փոխանցել էր այդ ահռելի գումարը, սակայն արդեն երեք տարի է՝ նախագիծը շարունակ հետաձգվում է՝ զգալի վնասներ հասցնելով ներդրողին (այդ գումարը եթե օրինակ բանկում ներդներ որպես ավանդ կարելի է պատկերացնել որքան եկամուտ կստանար): Այդքանով հանդերձ հետագայում պարզվեց, որ ներդրողին տրամադրված նախագիծը լուրջ փորձագիտական խնդիրներ ունի, քանի որ շինարարության ընթացքում թաղամասի ճարտարապետական ձևի և բովանդակության տեսանկյունից սկսեցին տարբեր հարցեր ծագել: Մասնավորապես՝ բնակիչները ահազանգեցին, որ իրականացվող ներդրումների արդյունքում վտանգվում են տարածքում գտնվող պատմական արժեքները: Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից խնդրել ենք գործարարին ներդրումներ կատարել հայրենի երկրում, մյուս կողմից պետական կառույցների ոչ ճիշտ գործելաոճի պատճառով ստեղծել ենք անհարմար իրավիճակ: Հետո ասում ենք՝ ինչո՞ւ են քիչ օտարերկրյա ներդրողները»,- գրել է Հարությունյանը։

Անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Հարությունյանը նշել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ, նախագծի հետ կապված, արդեն տևական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում գործարարի հետ: Ծրագրի կարևորությունից ելնելով՝ Վարդան Սրմաքեշի հետ հանդիպել և քննարկումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ողջունելով ՀՀ իշխանությունների այսօրինակ սրտացավ վերաբերմունքը ներդրողի հանդեպ՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ արդյունքում համայն հայության մայրաքաղաքում մենք ունենալու ենք ամենագողտրիկ վայրերից մեկը, որտեղ, իրավամբ, Հին Երևանով հպարտանալու, հիանալու և այն նորովի սիրելու ու արժևորելու հնարավորությունն է ունենալու ամեն մի հայ»,- նշել է Հարությունյանը։

Նոր կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում քննարկել է «Հին Երևան» նախագծի իրականացման աշխատանքները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---