Փաշինյանը մտադիր է բարձրակարգ մասնագետների պետհամակարգ ներգրավել

Փաշինյանը մտադիր է բարձրակարգ մասնագետների  պետհամակարգ ներգրավել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ է ստեղծվելու, որը բարձրակարգ մասնագետների նպետական կառավարման տարբեր ոլորտներում աշխատանքի անցնելու հնարավորություն կտա։

«Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.am էլեկտրոնային հասցեին», - գրել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իր կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ:

«Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ», - գրել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է և խնդրել է՝ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---