Գյուղում նոր տուն կառուցող արցախցիներն ընդամենը 1%-ով փոխառություն կստանան

Գյուղում նոր տուն կառուցող արցախցիներն ընդամենը 1%-ով փոխառություն կստանան

PanARMENIAN.Net - Գյուղում նոր տուն կառուցող արցախցիներն ընդամենը 1% տոկոսադրույքով փոխառություն կստանան: Այդ մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակում, որտեղ ծանոթացել է շինարարության ընթացքին:

«Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նոր տուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու: Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Մարտիրոսյանը, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ 2019-ին այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի:

«Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի:

Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն:

Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---