Լուկաշենկո. Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է

Լուկաշենկո. Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսի համար հուսալի ռազմավարական գործընկեր է:

«Ադրբեջանը եղել և մնում է մեզ համար հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք նույնքան անկեղծ և բաց աջակցել Ադրբեջանի շահերի առաջմղմանը Եվրոպայի կենտրոնում»,-ասել է Լուկաշենկոն:

Նա հատուկ շեշտել է, որ երկկողմ հարաբերություններում չկան փակ թեմաներ համագործակցության համար: «Մենք երբեք չենք համագործակցել այլ երկրների դեմ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովրդների բարգավաճման համար: Փակ և գաղտնի թեմաներ չկան և երբեք չեն լինի: Մենք անկեղծ ենք և բաց ամբողջ աշխարհի համար»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է belta.by-ն:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ: Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»: «Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---