ՊԵԿ նախագահ. Նպատակ չունենք «խոպանչիներին» կրկնակի հարկելու, սխալ է ընկալվել

ՊԵԿ նախագահ. Նպատակ չունենք «խոպանչիներին» կրկնակի հարկելու, սխալ է ընկալվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանը, ասել է, որ պետությունը չունի մտադրություն այլ երկրում ՀՀ քաղաքացու հարկված եկամուտը ՀՀ-ում նորից հարկելու:

«Սոցիալական ցանցերում քննարկումը հիմնավոր չէ, հնարավոր է իմ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը՝ առանց հանրային լայն քննարկման որևէ գաղափար չի կարող օրենք դառնալ: Հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում կոնտեքստից կտրված մտքերը կարող են շահարկման առարկա դառնալ», - ասել է Անանյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի, կառավարությունում նման նախագիծ չկա, կա ընդամենը եկամուտների հայտարարագրման գաղափար, որի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակների, իսկ հետո էլ կառավարության կողմից:

«Այս ամենից հետո կլինի ինչ-որ մի նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման: Որևէ նման փոփոխություն օրակարգում չկա», - ասել է Անանյանը:

ՀՀ Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանն, ասել է, որ առանց հանրային համաձայնության Հայաստանում հարկային բեռը չի կարող ավելանալ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---