Թանդիլյան. Ֆիզանձանց եկամուտը հայտարարագրելը ՀՀ-ում կարևոր է

Թանդիլյան. Ֆիզանձանց եկամուտը հայտարարագրելը ՀՀ-ում կարևոր է

PanARMENIAN.Net - Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, սակայն, որ այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է:

«Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել: Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնը այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում:

«Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել ՀՀ տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելը ամենևին նույնական չէ հարկելու հետ։ Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից և նրանց հայտարարագրված եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն»,-ասվում է Թանդիլյանի գրառման մեջ:

Ավելի ուշ ՊԵԿ-ն իր հերթին հայտարարել է, որ ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

Ավելի վաղ, «Ռադիոլուրի» փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---