Կենդանաբանական այգու տնօրեն. Զեբրի թունավորումը հաստատվել է

Կենդանաբանական այգու տնօրեն. Զեբրի թունավորումը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու զեբրի թունավորման կասկածները հաստատվել են: Այդ մասին հայտարարել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցավոք հաստատվել են զեբրի թունավորման կասկածները, արդեն ունենք լաբորատոր քննության պատասխանները։ Երևույթն անթույլատրելի է, որ որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների պատճառով կարող են նման քայլի գնալ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Խաչատրյանի խոսքով՝ թունավորման մեջ դիտավորություն կա, բայց թե որքանով են դրա մեջ մեղավոր այգու աշխատակիցները, իրավապահ մարմինները կպարզեն։

Անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ Խաչատրյանն ասել է. «2011-ից ի վեր ամեն անգամ, երբ քաղաքապետ է փոխվում, տնօրենի հրաժարականը պահանջելու ալիք է բարձրանում»: Նրա խոսքով՝ այդպիսի ալիքի հետևում միշտ տարեր մարդիկ են կանգնած՝ թե այգու ներկա և նախկին աշխատակիցեր, թե կենդանասերներ։

Ավելի վաղ այգու դիմաց անցկացրած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Խաչատրյանի հրաժարականը՝ նշելով, որ նա «կենդանասեր չէ, ոլորտի մասնագետ չէ և ոլորտին չի տիրապետում»։

«Ուզում եմ, որ իրավապահ մարմինները հնչեցվածը որպես զրպարտության մասին հաղորդագրություն վերցնեն։ Բոլոր իրավապահ մարմիններին հրավիրում եմ ուսումնասիրելու, քննելու այգուն վերաբերող ցանկացած շրջանառվող տեղեկատվություն»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այգու կառավարման համակարգերը ձեռնտու չեն այն մարդկանց, որոնք այգում ունեն այլ կոմերցիոն շահեր. «Հենց նրանց կողմից էլ հրահրվում են իրադաձություններ, որոնցից շատերն ունեն իրեց մեջ քրեորեն հետապնդելի հանցակազմեր։ Նշեմ, որ այդ անձիք ներկայանում են այգու ողջ աշխատակազմի անունից, սակայն գործ ունենք 5-6 աշխատակցի և նախկինում օրինական հիմքերով աշխատանքից ազատված մի քանի մարդու հետ»։

Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։

Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա,Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---