Մելքումյան. Գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են, քան մայրուղայինում՝ զարմանալի է

Մելքումյան. Գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են, քան  մայրուղայինում՝ զարմանալի է

PanARMENIAN.Net - Գազի ոլորտում գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են, քան մայրուղային համակարգում, ինչը զարմանալի է: Այդ մասին հայտարարել է Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան՝ անդրադառնալով գազամատակարարման խնդիրներին և արձանագրելով մի քանի խնդրահարույց պահեր։

Նա նշել է, որ մայրուղային համակարգում կարուստը «սարսափելի բարձր թիվ է, որը համարժեք է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազի», հայտնում է Panorama.am-ը։

«Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի։ Հաջորդը, ոլորտը բաժանում ենք երկու մասի. գազամատակարարման համակարգը բաժանված է երկու մասի՝ գազ փոխադրող և գազը բաշխող համակարգերի։ Ինչքան էլ զարմանալի է, գազաբաշխման համակարգում, որտեղ ավելի շատ կորուստներ պետք է լինեին, այդ կորուստների ծավալը կազմում է ընդամենը 2 տոկոս, իսկ մայրուղային համակարգում կազմում է սակագնի մեջ 4.6, փաստացի՝ 4.3 տոկոս։ Սա սարսափելի բարձր թիվ է։ 4 տոկոսից ավելի կորուստը լինում է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազ»,- ասել է Միքայել Մելքումյանը։

Նա նշել է, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները շարունակելու է այնքան ժամանակ, որքան ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս:

«Մենք ամբողջ շղթան ենք քննարկելու։ Օրինակ, երբ ասում ենք, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է իջնի, դա չի վերաբերում միայն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մարժային, ամբողջ շղթային է վերաբերում, այդ թվում՝ արտադրող կայաններին։ Մեր մոտեցումների մեջ եղել ենք այն դրույթի հավատարիմ կողմնակիցը, որ էլեկտրաէներգետիկական համակարգերում հավասարակշռությունը չխախտվի։ Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կբերեն անցած սխալների հետևանքով այսօրվա ստատուս քվոյի փլուզման»,- ասաց բանախոսը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը որպես հաջորդ խնդիր մատնանշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար պետության կողմից սահմանված գործառույթների իրականացման սահմանափակումը։

«Երրորդն այն է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմի» գործունեության հիմքում, ըստ համաձայնագրի, դրված է շահութաբերության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է առաջիկա բավականին երկար տարիների համար կայուն շուկա։ Գազի համակարգի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ 2015 թվականի հուվարի 1-ից, երբ սահմանին 1000 խորանարդ մետր գազը 189 դոլար էր և իջավ 165 դոլարի, սակագինը սպառողի համար չիջավ։8.9 միլիարդ դրամ մնաց «Գազպրոմին»։ Հետագայում, երբ 165 դոլարն իջավ 150 դոլարի, սակագինն իջավ, բայց 4 տարիների ընթացքում 8.9 միլիարդ դրամը կուտակվում է Գազպրոմում։ Սա բավականին մեծ գումար է, և մեզ հետաքրքիր է՝ ինչ ոլորտներում է այն ծախսվել»,- նշել է հանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեկնաբանել է նոյեմբերի 15-ին պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը ընկերության՝ միլիարդավոր հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ընկերությունն իր հայտարարությունում անհեթեթ է անվանել ՊԵԿ կողմից հրապարակած եզրահանգումները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---