Համաձա՞յն ենք ևս 2 «ռամիլ սաֆարով» վերադարձնել Ադրբեջանին. Փաշինյանը կհանդիպի գերեվարված Ղազարյանի ընտանիքին

Համաձա՞յն ենք ևս 2 «ռամիլ սաֆարով» վերադարձնել  Ադրբեջանին. Փաշինյանը կհանդիպի գերեվարված Ղազարյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների բողոքի ակցիային, որի ընթացքում նրանք համագյուղացիների հետ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Նա հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել Ղազարյանի ընտանիքին:

«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին, երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել, սակայն նրանց ակցիան հարցեր առաջացրեց՝ ում դեմ էր ուղղված այն, եթե Ադրբեջանի իշխանությունների, ապա ինչո՞ւ է փակվում այդ ճանապարհը, որի փակումն ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկն է: Եթե մեր դեմ էր ակցիան, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա հարց է ծագում, թե ինչու է այդ դեպքում վարչապետի կինը երկու անգամ այցելում նրանց: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, ապա՝ այո, բայց արդյոք այդ գործընթացը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին: Սրանք հարցեր են, որոնք պարզ չեն: Նույն կարգավիճակում գտնվող տղա էլ ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակվում, որովհետև որբանոցի տղա՞ է, մենք ա՞յս տրամաբանությամբ ենք աշխատում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին:

«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով դատապարտվել են ազատազրկման:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Ըստ նրա՝ չկա մի բան, որ գործող կառավարությունը կարող էր անել ու չի արել Ղազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:

Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թվականին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ գիշերը կացնով սպանել էր ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին:

Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման: Սաֆարովի փաստաբաններն ու հանրային պաշտպանները պնդում էին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:

Նա 8 տարի անցկացրել է հունգարական բանտում: 2012 թվականիի օգոստոսին անսպասելիորեն Հունգարիան որոշել է Սաֆարովին Ադրբեջանին հանձնել, որպեսզի նա շարունակի կրել իր պատիժը հայրենիքում: Այդ նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել և ազատել պատիժը կրելու հետագա ժամկետից: Բացի այդ, Սաֆարովն Ադրբեջանում բնակարան է նվեր ստացել և նրա կոչումը լեյտենանտից բարձրացվել է մինչև մայորի (շրջանցելով կապիտանի կոչումը):

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու մասին որոշման հետևանքով Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---