Մելքումյան․ Էլէներգիան հնարավոր է էժանանա 3.5 դրամով

Մելքումյան․ Էլէներգիան հնարավոր է էժանանա 3.5 դրամով

PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում 2019 թվականի փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով:

Ըստ Մելքումյանի՝ սակագնի իջեցման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է բանակցեն արտադրող կայանների և բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների հետ, որ կարողանան ռեզերվները տեղայնացնել կամ փաստագրել:

«Եթե հայթայթվեն միջոցներ, մենք կարող ենք փետրվարի 1-ից շուրջ 3-3.5 դրամի սահմաններում իջեցում ունենալ: Սակագնի իջեցման համար ռեզերվներ են պետք: Դրանցից են ատոմային էլեկտրակայանը, ջերմային էլեկտրակայանը: Ռեզերվ է նաև այն, որ պետք է իջեցվի ՀԷՑ-ի շահութաբերությունը: Ներկայում ՀԷՑ-ի շահութաբերությունը կազմում է 14%, այն պետք է իջնի 12%-ի: Ռեզերվ է համարում նաև կորուստների նվազեցումը: Էլեկտրաէներգիայի սակագնի մեջ դրված է 11.03% կորուստ, բայց փաստացի 9.5% կորուստ ունենք: Եվ այդ կորուստները 2020-ին պետք է իջնեն մինչ 7.4%-ի: Մենք առաջարկում ենք 2019-ին կորուստները նվազեցնելով հասցնել 7.5%-ի: Կորուստների ավելի արագ նվազեցումն էլ կարտահայտվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ»,- նշել է Մելքումյանը:

Նա հավելել է, որ հաջողվել է զուգահեռ իրականացնել աշխատանքներ, որ ատոմակայանն ավելի աշխատի, և մոտ 20-25 մեգավատի լրացուցիչ ռեզերվ է բացահայտվել:

«Եվ կարող ենք արձանագրվել, որ 1-1.5 դրամի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ռեզերվ ունենք»,-նշել է Մելքումյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---