Մնացականյան. Ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է

Մնացականյան. Ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հավաստիացրել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակել կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվել է վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը:

Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---