Որոնք են փոքր ու միջին բիզնեսի խնդիրները ՀՀ-ում. Պանելային քննարկում՝ Ամերիաբանկում

Որոնք են փոքր ու միջին բիզնեսի խնդիրները ՀՀ-ում. Պանելային քննարկում՝ Ամերիաբանկում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի նախաձեռնությամբ պանելային քննարկում անցկացվեց «Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով. բանախոսներն էին «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պետրոսյանը, «Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանը, Triada Studio-ի տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանը և Ամերիաբանկի սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանը:

Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն, քննարկման մոդերատոր Արման Բարսեղյանը նախ հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց հայաստանյան ՓՄՁ-ների մասին:

Ըստ դրա, ՀՀ օրենսդրությամբ ՓՄՁ են համարվում այն ընկերությունները, որոնք ունեն մինչև 250 աշխատատեղ և տարեկան մինչև 1,5 մլրդ դրամ ակտիվներ: ՓՄՁ-ները 2017 թվականին կազմել են ակտիվ հարկատուների 77%-ը, դրանք ապահովել են ՀՆԱ 35%-ը: ՓՄՁ-ներին է պատկանում աշխատաշուկայի 30%-ը և բյուջեի հարկայի եկամուտների 17%-ը:

Ըստ Արա Աղամյանի՝ ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացումն արգելակող առաջնահերթ խնդիրներից մեկը համապատասխան մասնագիտացում ունեցող որակյալ կադրերի ապահովումն է:

«Ես ներկայացնում եմ ՏՏ ոլորտը, ամենաակտուալ խնդիրը համապատասխան կադրերի, մասնագիտացումների բացակայությունն է, որոնք չեն պատրաստվում ՀՀ բուհերի կողմից: Աշխարհը շատ արագ է փոխվում, սակայն մեր կրթական համակարգը չի քայլում ժամանակակից միտումներին համընթաց», - նշեց նա՝ հավելելով, որ հաջողության հասած բոլոր մասնագետներն այս ոլորտում ինքնուս են:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ ՀՀ-ում ՓՄՁ-ների մեծամասնությունը կենտրոնացած է շուկաներում՝ հիմնականում առևտրականներն են:

«Դրանք բիզնես կարելի է անվանել մեծ վերապահումով, քանի որ առևտուրն աշխատանքի ձև է, որ պահում ու կերակրում է մեկ ընտանիքի ընդամենը: ՓՄՁ-ի գլխավոր խնդիրը կրթական է. տեսե՛ք, ԽՍՀՄ-ում բիզնեսով զբաղվելը քրեական հանցագործություն էր: Ի՞նչ եք կարծում, այդ պայմաններում բիզնեսմեններ կարող էին աճել մեր երկրում: Այն ջիղը, որն ուներ հայ հասարակությունը 20-րդ դարասկզբում, ոչնչացվեց: Սա է պատճառը, որ մենք չունենք պատմություն ունեցող հայկական ընկերություններ: Երբ 1991-ից բոլոր դռները բացվեցին, մարդիկ մեխանիկորեն շարունակեցին անել այն, ինչ սովոր էին անել ԽՍՀՄ տարիներին, որտեղ միայն արտադրում էին, քանի որ տնտեսությունը պլանային էր. մարդկանց միայն հետաքրքիր էր արտադրելը, իսկ սպառումն ընդհանրապես կարևոր չէր: Այսինքն՝ մարքեթինիգի, փաթեթավորման, վաճառքի և այլ բիզնես գործքիների մասին ոչ ոք գաղափար չուներ: Բիզնեսմենների համար, որոնք հասունացել և կայանացել են ԽՍՀՄ-ում, շատ ավելի դժվար է, քան նոր սերնդի համար», - նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ չնայած անկախությունից հետո նոր բիզնես հնարավորություններ բացվեցին, այնուամենայնիվ, հայաստանյան բիզնեսը դեռևս չի յուրացրել այն կարևոր գործիքները, առանց որոնց 21-րդ դարում հնարավոր չէ զբաղվել բիզնեսով:

Միրաքյանը շեշտեց՝ բիզնեսն առաջին հերթին ոչ թե արտադրելն է, այլ վաճառելը:

Ահարոն Չիլինգարյանն իր հերթին խոսեց ՓՄՁ-ների հարկային վարչարարության քաղաքականությունից: Ըստ նրա՝ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված նոր Հարկային օրենսգիրքը պարզեցնում է ՓՄՁ-ների հարկման գործընթացը:

«Տարատեսակ հարկային ռեժիմները փորձել են մեկտեղել ու պարզ մի բան ստանալ. ես դա համարում էի խնդիր, որը հիմա կկարգավորվի», - ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ պետք է այդ փոփոխությունները հնարավորինս պարզ բացատրել ՓՄՁ-ներին:

Արման Բարսեղյանը նշեց՝ հարկային բեռի թեթևացմանը զուգընթաց բիզնեսը պետք է պատրաստ լինի դուրս գալու ստվերից, դրա արձագանքն էլ այս փոփոխություններին պետք է լինի համարժեք:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ կոնկրետ ոլորտներին հարկային արտոնություններ շնորհելը շատ կարևոր է: Օրինակ՝ ՏՏ ոլորտն ունի այդպիսի արտոնություններ. միաժամանակ, սա այն ոլորտն է, որտեղ ստվերում գործելը շատ հեշտ է: «ՏՏ ոլորտում նյութականությունը շատ քիչ է, մի հոգի կարող է իր գաղափարը պրոդուկտի տեսքով արտահանել, և վարչարարություն իրականացնող մարմինների համար այն հայտնաբերելը շատ բարդ է: Կառավարությունը վերջերս հայտնաբերել է ՏՏ 350 ընկերություն, որոնք արդեն գործում են հարկային դաշտում, քանի որ, չնայած ամբողջությամբ հարկերից ազատված չեն, բարենպաստ պայմաններ են ստեղծված», - նշեց Պետրոսյանը:

Վերադառնալով ՓՄՁ-ների խնդիրներին, Պետրոսյանն առանձնացրեց բիզնես պլանավորման անհրաժեշտությունը, որը չեն անում ՀՀ-ում ՓՄՁ-ների մեծ մասը: Ըստ նրա՝ հաճախակի առանց հաշվարկների ՓՄՁ-ները վերցնում են խոշոր վարկեր, հետագայում չեն կարողանում դրանք մարել:

Արման Բարսեղյանն իր հերթին հավելեց, որ ՓՄՁ-ների համար խնդիր է նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ինչը կարող է դառնալ բիզնեսի զարգացման խոչընդոտ:

Արամ Բալոյանի խոսքով, ՀՀ-ում ՓՄՁ-ների բիզնես վարկավորման խնդիրն ունի մի քանի պատճառ:

«Առաջինն այն է, որ կա մի սեգմենտ, որը բիզնեսում նախապատվություն է տալիս կանխիկ միջոցներին. շատերը գերադասում են կանխիկով աշխատել, և, չօգտվելով բանկային պրոդուկտներից, չեն ձևավորում իրենց բանկային պատմությունը, չեն շահում բանկերի վստահությունը: Երկրորդը հաշվետվողականության և ներքին վերլուծության մարկադակն է. շատերը չեն ներկայացնում իրենց իրական բիզնես ցուցանիշները բանկերին կամ ներդրողներին:

Պատճառների մյուս խումբը ներբանկային պրոցեսներն են. գաղտնիք չէ, որ բանկերը պահաջում են ամբողջ փաստաթղթաշրջանառությունը: Վարկավորման գործընթացն առաջացնում է բազմաթիվ կոնտակտներ բիզնսեմենի հետ, իսկ ՓՄՁ սեփականտերը սովորաբար առանցքային անձ է իր բիզնեսում և այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունի վարկավորման գործընթացին ներքաշվելու համար», - նշեց նա:

Մասնագետը նաև հավելեց, որ Ամերիաբանկն ուսումնասիրում է այդ խնդիրները՝ առաջարկելով լուծումներ:

Ընթերցեք նաև՝ «Ամերիաբանկը ՀՀ-ում առաջին անգամ սքորինգային համակարգ է ներդրել. ՓՄՁ-ները կկարողանան առցանց վարկ ստանալ»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---