ԶԼՄ. Ավտորիտար Լուկաշենկոն և Ալիևը հոգեհարազատ են իրար, իսկ ապստամբ Փաշինյանը՝ «սպիտակ ագռավ է»

ԶԼՄ. Ավտորիտար Լուկաշենկոն և Ալիևը հոգեհարազատ են իրար, իսկ ապստամբ Փաշինյանը՝ «սպիտակ ագռավ է»

PanARMENIAN.Net - Մինսկի և Երևանի միջև սկանդալը շարունակվում է, գրում է բելառուսական Naviny.by-ն:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Բելառուսը մտադիր է զենքի ևս մեկ խմբաքանակ վաճառել Ադրբեջանին՝ պարբերականը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այդ քայլը ոչ միայն բիզնեսով է բացատրում, այլ նաև անձնական պատճառներով:

«Կարելի էր ասել՝ բիզնես և ոչ մի անձնական բան: Սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լուկաշենկոյի հարաբերություններում անձնականը շատ է: Բելառուսի նախագահը բազմիցս է ասել, որ ադրբեջանցի ընկերը 2010-ին անմիջապես նրան 200 մլն դոլար տվեց պարտքով, երբ «Գազպրոմը» պարտքն էր պահանջում: Կարծես, երկու ավտորիտար առաջնորդներն իրոք համակրում են միմյանց՝ հոգեհարազատ լինելով: Իսկ ահա փողոցների երեկվա ապստամբ Փաշինյանը սպիտակ ագռավ է ՀԱՊԿ տանիքի տակ հավաքված ավտորիտար առաջնորդների շարքում»,-գրում է պարբերականը:

ՀԱՊԿ-ում ծագած խնդիրների հիմքն այն է, որ «դա շատ տկար կառույց է», որտեղ անդամների շահերը շատ են տարբերվում, ասել է պարբերականին վերլուծաբան Անդրեյ Ֆյոդորովը:

Այո, «բարոյական տեսակետից դաշնակցի թշնամուն զենք վաճառելն այնքան էլ պարկեշտ չէ», սակայն, ՀԱՊԿ փաստաթղթերում ուղիղ արգելք չկա, այնպես որ գերիշխում է պրագմատիկ մոտեցումը, կարծում է փորձագետը: Ըստ նրա կանխատեսման, միանգամայն հավանական է, որ առաջիկա 1,5 տարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար մնա ՌԴ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը: Դա առճակատումը մեղմելու միջոց կլինի:

Ֆյոդորովը կարծում է, որ «հավանաբար, Մոսկվան շատ չի ճնշի Փաշինյանին» և դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովում ամողջապես Լուկաշենկոյի կողմը չի անցնի, բայց, մյուս կողմից, Կրեմլին ձեռնատու չէ նաև 100 տոկոսով սատարել երիտասարդ ՀՀ ղեկավարին՝ կնեղանան քաղաքական ակսակալներ Նազարբաևն ու Լուկաշենկոն»:

«Հիմա տրամաբանական կլինի, եթե Մոսկվան մարի սկանդալի վերածված հակասությունները ՀԱՊԿ-ում, որն առանց այդ էլ աչքի չի ընկնում համախմբվածությամբ: Թեև դաշինքը, որը Մոսկվան ստեղծել է սեփական շահերը մերձավոր արտերկրում առաջ տանելու համար, հազիվ թե առաջիկայում էլ ավելի համախմբված լինի: Քիչ հավանական է նաև, որ Փաշինյանը յուրային դառնա անփոփոխ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, էմոմալի Ռահմոնի, Նազարբաևի և Լուկաշենկոյի շրջանում, որոնք սիրում են ցանկացած բողոք ճնշել սաղմնային վիճակում»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ:Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը:

Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել