Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել Ադրբեջանում Կարեն Ղազարյանի դեմ դատական գործընթացը

Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել Ադրբեջանում Կարեն Ղազարյանի դեմ դատական գործընթացը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գվիդո Ռայմոնդիին է ներկայացրել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում սկսված դատական գործընթացը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դատապարտելի է միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող անձի ներգրավումը դատական գործընթացում, որը ֆարսի վերածելով՝ փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու և իրական մարդասպանների միջև:

Արժևորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է և կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԻԵԴ հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է ՀՀ Բերդավան գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ»:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել է.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---