Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահին պաշտոնական այցով ՀՀ է հրավիրել

Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահին պաշտոնական այցով ՀՀ է հրավիրել

PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Իսկ նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։

Մինչ այդ Բելվյու ամրոցում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում․ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատող¬ների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայում է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---