«Դամբուլիզմ», «Նառա, դու սու՛ս», «Եթե մտահոգ ես... ճաշիր ՀՀԿ-ականների հետ». Քարոզարշավ, օր 4-րդ

«Դամբուլիզմ», «Նառա, դու սու՛ս», «Եթե մտահոգ ես... ճաշիր ՀՀԿ-ականների հետ». Քարոզարշավ, օր 4-րդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրը, նախընտրական տրամադրությունները համեմատաբար մեղմ էին: Քարոզարշավը շարունակվեց ՀՀ բոլոր բնակավայրերում, սոցիալական ցանցերում և մեդիայում: PanARMENIAN.Net ն ամփոփում է չորրորդ օրը:

«Նառա, դու սու՛ս»

Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին զգուշացրել է որևէ այլ քաղաքական ուժի հասցեին վիրավորական խոսք չհնչեցնի:

«Ես Նաիրա Զոհրաբյանին, գիտեք իր լեզուն, ասել եմ՝ բոլոր գործիչների նկատմամբ որևէ վիրավորական խոսք չասեք», - ասաց Ծառուկյանը:

«Քաղաքական դամբուլիզմի» մասին

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 7-րդ համար Էդուարդ Շարմազանովը խոստացավ «օր ու արև չտալ» «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Հետևելու եմ, որ կառավարությունն ու Փաշինյանը իրենց յուրաքանչյուր խոստացածն անեն: Երկրորդ՝ Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, նաև այլ կուսակցություններից Փաշինյանի վկաներին, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի և նրա թիմի հետ է: Իմ պայքարն իրենց պապայի, քաղաքական կուռքի հետ է, այլ ոչ թե օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ»,-ասաց Շարմազանովը:

$589 մլն-ի ներդրումների մասին

Փաշինյանը Գավառում նախընտրական հանրահավաքին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում $589 մլն արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում:

«ՀՀ-ի ամենապրողարաբաղյան ղեկավարը»

Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Նա հորդորեց է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում, փորձում են իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցեր ունի, որոնք ուղղելու է Արցախի նախագահին։

Որտեղ և ինչպես են ծառայել Քոչարյանի որդիները

Փաշինյանն ասաց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա ասաց նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում:

«Նրանք ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ծառայողական մեքենան դրել են տակը, ուր ցանկացել՝ գնացել է, պետական բենզինի հաշվին», - ասաց Փաշինյանը:

«Եթե մտահոգ ես…, հնարավոր է՝ ճաշես ՀՀԿ-ականների հետ»

«Հայաստանի հանրապետական կուսակցության» Երիտասարդական կազմակերպությունը հայտարարեց իր նախընտրական՝ «Եթե մտահոգ ես…» կարգախոսով հումորային պաստառների մրցույթ. հաղթողները կճաշեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարի՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Շահնազարյանի հետ:

Մայրական կապիտալն ու ՕԵԿ-ը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց ծրագրով առաջարկվում է ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը:

«Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 200,000 միայնակ մայր, և այդ է պատճառը, որ ՕԵԿ-ն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի մասին օրենք, որը թույլ կտա՝ յուրաքանչյուր մայր ձևավորի մայրական կապիտալ՝ գումարն օգտագործելու ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության, այլ նաև մնացած ծախսերը հոգալու համար։ Մենք համառ և հետևողական ենք լինելու, որովհետև այս օրենքը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ»,- ասաց նա:

Առաջադրվել է, բայց խնդրել է չքվեարկել իր օգտին

ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց լոռեցիներին ռեյտինգային ընտրակարգով ընտրել ոչ թե իրեն, այլ իր թիմակից Էդուարդ Շարմազանովին՝ նշելով, որ իր գործընկեր Շարմազանովը «շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»:

ՔՈ-ն կհետևի օրենք խախտողների օրինակին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, եթե որևէ ուժ օգտագործում է թույլատրելիից ավելի մեծ հնարավորություններ, ապա իրենց կողմից թույլատրելիի սահմաններում մնալը խոչընդոտում է հավասար պայմաններում լինելու իրավունքի իրացմանը՝ ուստի, ցանկացած տեղ, ուր փակցված կլինի այլ ուժի նախընտրական պաստառ` իրենք իրենց նույնպես իրավունք կվերապահեն փակցնել իրենցը:

Հետաքրքիր մանրամասներ Սարգսյանի հրաժարականից

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում ասաց, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին:

«Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմց Եսայանը:

Ընթերցեք նաև՝ «Բոքսի տանձիկ ՀՀԿ-ն», «որպես մի նոր Հիսուս խաչված ազգը», «Գորիսում չծեծված Մենուան». Քարոզարշավ, օր 3-րդ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---