Տոնոյան. ՀՀ-ն պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները

Տոնոյան. ՀՀ-ն պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,-ասել է Տոնոյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախադրյալներ Հայաստանը չի տեսնում: «Չկան այդպիսի նախադրյալներ՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ՝ ռազմավարական»,-ասել է նա: Տոնոյանը նշել է նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ համահիմնադիրներից է և խնդրահարույց հարցերի քննարկումը կազմակերպությունում «նորմալ երևույթ է»:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկա ընթացակարգ, որը կսահմաներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման կարգը: «Այդպիսի ընթացակարգ է պետք, բայց այն նախատեսված չէ»,-ասել է Տոնոյանը։։

Նոյեմբերի 28-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»,

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---