Շահնազարյան. Փաշինյանը ԼՂ մասին իրարամերժ հայտարարություններով փաստարկներ է տվել Ալիևին

Շահնազարյան. Փաշինյանը ԼՂ մասին իրարամերժ հայտարարություններով փաստարկներ է տվել Ալիևին

PanARMENIAN.Net - Արցախի հարցում որևէ զիջում լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ պատերազմը կարող է սկսվել ամեն օր, այն անխուսափելի է։

«Փաշինյանն իր իրարամերժ հայտարարություններով լուրջ փաստարկներ է տվել Ալիևին, որպեսզի նա կարողանա այլ դիրքերից խոսել միջազգային հանրության հետ և ապացուցի, որ ռազմական գործողությունները կարող են բավական իրավաչափ լինել։ Նա այլ «նվերներ» էլ է տվել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն, հարցին, թե արդյոք Արցախի ռազմական ղեկավարությունը կաշկանդված է՝ չխոսելու առկա վտանգների մասին՝ բանախոսը դրական է պատասխանել. «Ես վստահ եմ, որ իրենք կաշկանդված են իրենց պատասխանատվությամբ Արցախի Հանարապետության անվտանգության նկատմամբ, որը բացարձակապես չկա ներկայիս իշխանությունների մոտ։ Դրանով է բացատրվում նրանց զուսպ կեցվածքը։ Գործող վարչապետին ուղղակիորեն չհաջողվեց նրանց ներքաշել հրապարակային բանավեճի մեջ, ինչն իր նպատակն էր»։

Լրագրողները Դավիթ Շահանզարյանից հետաքրքրվել են՝ հիմնախնդրի կարգավորման համատեքստում որն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, արդյոք շարունակում է մնալ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց դրույթը։ «Բանակցային դիրքորոշումը, եղել է կարգավիճակ՝ տարածքների դիմաց։ Դա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակն է, այլ դիրքորոշում չկա և չի կարող լինել»,- ասել է պատգամավորության թեկնածուն։

Անդրադառնալով Արցախի հարցում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին՝ բանախոսը նշել է, որ վերջինիս միշտ համարել է բարձր կարգի դիվանագետ, սակայն թե ինչպիսի նախարար է, ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անել։

«Նախկին իշխանությունների՝ հատկապես վերջին տարիների արտաքին քաղաքականություը ես պաշտպանել եմ։ Արցախի հարցով քաղաքականությանն ամբողջովին սատարել եմ։ Ինչ վերաբերում է ներկայիս արտգործնախարարին, նա երբևէ՝ մինչև նախարար դառնալն, Արցախի հարցով չի զբաղվել։ Ես չգիտեմ՝ հիմա նա որքանով է տիրապետում այդ հարցին»,- ասել է Դավիթ Շահնազարյանը։

Այն դիտարկմանը, որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է ստորագրվելու Սու 30 կործանիչներ գնելու վերաբերյալ, արդյոք սա՞ էլ համարում է պարտվողական քաղաքականության բաղադրիչ մաս՝ բանախոսը նշել է, որ ինքը պարտվողական չի ասել։

«Ես ասել եմ, որ ներկայիս իշխանությունը նպատակադրված իրականացնում է քաղաքականություն, որի բանաձևն է իշխանություն՝ Արցախի անվտանգության դիմաց։ Ես շատ ռազմական փորձագետների հետ եմ խոսել, դժվար է ասել՝ ինչքանով են այդ ծախսերն արդյունավետ։ Առնվազն համարում եմ վիճելի՝ փորձել ստեղծել կործանիչ ավիացիա։ Այսօր Ադրբեջանն ունի բացարձակ գերակայություն օդում, մենք ունենք բավական լուրջ առավելություն հրթիռային համակարգերում և հակաօդային պաշտպանությունում»,- ասել է Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի բարեկամ համարվող Ֆրանսիան հակաօդային համակարգեր է վաճառելու Ադրբեջանին։

Անդրադառնալով այն հարցին, թե իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի անտեղյակության արդյո՞ւնք էր, որ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե մինչ այժմ քննարկվել է բացառապես տարածքների հանձնման հարց՝ բանախոսը նշել է՝ դա պրոպագանդիստական հայտարարություն էր։

«Ես չեմ ուզում «սուտ» բառն օգտագործել, բայց նրա ասածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նա չի տարբերում Մադրիդյան փաստաթղթում որոնք են սկզբունքները, որոնք՝ տարրերը։ Իսկ այնտեղ կա երեք սկզբունք, վեց տարր։ Այս փաստաթուղթն ընդամենը փիլիսոփայություն է, որից կարելի է ստանալ այն, ինչ մենք ենք ուզում կամ այն, ինչ Ադրբեջանն է ուզում։ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը պետք է որոշի հայ ժողովուրդը։ Ոչ, պետք է որոշի Արցախի ժողովուրդը։ Մի ժամանակ ասում էր՝ հրապարակում պետք է որոշել։ Սա ամբոխավարության հերթական դրսևորում է։ Կուսակցությունները ոչ թե պետք է անեն այն, ինչ ժողովուրդն ուզում է, այլ պետք է իրենց ծրագիրը ներկայացնեն և համոզեն, որ դա է ճիշտ։ Իր ամբոխահաճությունը տարել է արտաքին քաղաքականություն, ՊՆ։ Մենք տեսնում ենք Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն»,- ամփոփել է Դավիթ Շահնազարյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---