«Ասեղով տղան», «շառլատաններն» ու Արցախը. Քարոզարշավ, օր 10-րդ

«Ասեղով տղան»,  «շառլատաններն» ու Արցախը.  Քարոզարշավ, օր 10-րդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 10-րդ օրը, հագեցած էր բուռն նախընտրական իրադարձություններով, հայտարարություններով` մասնավորապես Արցախյան հիմնահարցի շուրջ: Նախընտրական քարոզարշավի այս օրն առանձնացավ նաև համացանցում հայտնված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսումով: PanARMENIAN.Net ն ամփոփում է քարոզարշավի 10-րդ օրը:

Շահնազարյանը հայտարարում է, բայց հանցագործության մասին հաղորդում չի տալիս

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հրավիրվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պատմելու, թե ինչ հիմքերով է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում Արցախի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Շահնազարյանն անմիջապես ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ կատարվածը «քաղաքական հետապնդում է», իսկ ինքն էլ ԱԱԾ չի պատրաստվում գնալ:

«Շառլատանների» մասին

Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ Արցախի դեմ դավադրության մեջ լինելու մեղադրանքներին ասաց, որ պետական դավաճանության մասին հայատարարողը և այդ հանցագործության մասին չհաղորդողը շառլատան է:

«Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ Հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է», - ասաց Փաշինյանը:

Քոքոբելյանը՝ «հակահեղափոխության պարզունակության» մասին

«Մենք» դաշինքի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ «զարմացած է Դավիթ Շահնազարյանի շատ-շատ հայտարարություներից»: «Եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Արցախի դեմ են, կարծում եմ՝ նա ընկալման խնդիր ունի, ով էլ որ լինի: Չի կարելի այդքան պարզունակ ձեւակերպումներով փորձել մեր քաղաքացիների այս պայքարը հակադրել եւ արհեստականորեն փորձել դա Արցախի դեմ հանդես բերել», - ասաց նա:

«Ասեղով տղան»

ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանը Կապանում՝ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի արձանի մոտ, ասեղով փուչիկներ պայթեցրեց՝ համեմատելով իր այդ գործողությունը Նիկոլ Փաշինյանի «ստերը պայթեցնելու հետ»:

«Ես ասեղով տղան եմ, ով ծակելու է Նիկոլի փչած ստի փուչիկները», - ասաց նա՝ ծակելով մի քանի փուչիկ, մյուսներն էլ օդ բաց թողնելով:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նա անդրադարձավ նաև Դավիթ Բեկի արձանի մոտ իր ձիով նկարին, ասելով, որ նրանք, ովքեր տեսակետ են շրջանառում են, թե ինքը ծաղրել է Բեկին, «անբարոյական են»:

18 տարեկանների փոխարեն ռոբոտներ սահմանին

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որում անդրադառնալով զինված ուժերի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը, ասաց՝ առաջնագիծ պետք է գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները:

Ոստիկանություն հրավիրված ՀՀԿ-ակաները

ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում առանց մանրամասնելու գրեց, որ ինքը և ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը ոստիկանություն են կանչվել: Ավելի ուշ պարզվեց, որ Հովհաննիսյանը Կենտրոնի ոստիկանությունում էր, կանչվել ցուցմունք տալու, քանի որ դիմել էր իրավապահներին համացանցում իր հասցեին հնչող սպառնալիքների դեպքով: Աշոտյանը նույնպես կանչվել է ոստիկանություն իր՝ «ՀՀԿ-ականներին քաղաքական ճնշումների ենթարկելու» մասին հայտարարությունների առթիվ ցուցմունք տալու:

«Սասնա ծռերի» պահանջը

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ժամանակն է հստակեցնելու բոլոր ուժերի դիրքորոշումն Արցախի հարցում:

«Սասնա ծռերը» բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ արեց հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված 7 շրջանն Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

«Ուշակովի տարօրինակ հայտարարությունը»

Փաշինյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգմանը, ասաց, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել:

«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, թե ՀՀ-ն խնդրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվի՝ տարօրինակ է:

Գաղտնալսում. Մաս 2-րդ

Համացանցում հայտնվեց ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցը: Նրանք քննարկում էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը:

Բանավեճ՝ առաջին համարների մասնակցությամբ

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո, տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---