// IP Marketing video - START// IP Marketing video - END

$1.8 մլն-ի հափշտակություն՝ «Հյուսիս-հարավում». Մեղադրանք է առաջադրվել

$1.8 մլն-ի հափշտակություն՝ «Հյուսիս-հարավում». Մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ավելի քան $1.8 մլն խարդախությամբ հափշտակելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23.5 մլրդ դրամ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, ով 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների և ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։

Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող $1.8 մլն-ին համարժեք 871 մլն դրամ գումարի հավելագրում։

Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար։

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը