Բաքուն առաջարկել է ԵԱՀԿ-ին գնահատման առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ

Բաքուն առաջարկել է ԵԱՀԿ-ին գնահատման առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին հերթական գնահատման առաքելությունն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Մամեդյարովը հանդիպել է Գրեմինգերի հետ Միլանում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը այդ երկրի ԱԳՆ վրա հղումով:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: «Պատասխանելով Գրեմինգերի այն հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Մամեդյարովը կարևորել է ԵԱՀԿ դերը Լեռնային Ղարաբաղ հնարավոր գնահատման առաքելություն գործուղելու հարցում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Մամեդյարովը տեղեկացրել է Գրեմինգերին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին՝ նշելով, որ «հանդիպումներն օգտակար են եղել, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել ինտենսիվ, արդյունավետ բանակցություններն առկա ձևաչափով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ 2019-ին պետք է բեկում կատարվի ԼՂ կարգավորման հարցում: «2019-ին մենք պետք է բեկում կատարենք կարգավորման մեջ՝ ավելացնելու համար տարածաշրջանում խաղաղության հաստատման ու բարգավաճման հնարավորությունները,-ասել է նա Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---