Բակո Սահակյան. Արցախցիները վճռական են՝ պահպանելու ու ամրապնդելու ազատությունն ու անկախությունը

Բակո Սահակյան. Արցախցիները վճռական են՝ պահպանելու ու ամրապնդելու ազատությունն ու անկախությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ն արցախցիների տարեգրության մեջ մտել է որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին արցախցին կատարել է վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի և մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին:

«Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ արցախցիները հաստատակամ են ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը, բազմապատկելու համայն հայության ջանքերով կերտված փառապանծ հաղթանակները, քանզի այդ արժեքները սրբություն են ողջ հայ ժողովրդի համար:

«Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետևողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք», - ասված է Սահակյանի ուղերձում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---