Զոհրաբյան. Վարչական ռեսուրս, այդուհանդերձ, կիրառվել է

Զոհրաբյան. Վարչական ռեսուրս, այդուհանդերձ, կիրառվել է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, որն իր թեկնածությունն առաջադրել էր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, հայտարարել է, որ վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է:

«Ես ազնիվ չեմ լինի, եթե չասեմ, որ վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զոհրաբյանը միևնույն ժամանակ նշել է, որ այս ընտրություններին չկային ավանդական «Գազել»-ները, ընտրողին գումար չի բաժանվել։«Ես ուզում եմ վստահ լինել, որ վարչական ռեսուրսի կիրառումը չի եղել կառավարության, կամ վարչապետի կողմից հրահանգավորված, որովհետև հենց Սիսիանում վարչապետը հստակ ասաց, որ «եթե որևէ մեկը կփորձի վարչական ռեսուրսով ուղղորդել քվեները դեպի «Իր քայլը», ապա այդ քվեներն իրեն պետք չեն», ասել է նա։

Զոհրաբյանի խոսքով՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ամբողջ մարզն ուղղորդել է դեպի «Իմ քայլը» դաշինք։ «Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, նա ով հավատարմորեն, անվերապահորեն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև Սերժ Սարգսյանին, ուրեմն ամբողջ մարզը՝ համայնքապետերով, քաղաքապետերով ուղղորդել է դեպի «Իմ քայլի» տարբեր թեկնածուները, ավելին՝ բանակը, իմ հստակ տեղեկատվությամբ, մեծամասնությամբ հրահանգավորված է եղել քվեարկել «Իմ քայլի» օգտին։ Տեղեկատվությունները հստակ են», - ասել է ԲՀԿ թեկնածուն։

Անդրադառնալով այն հարցին, թե փաստեր կա՞ն, և այդ փաստերը փոխանցվե՞լ են իրավապահ մարմիններին՝ Զոհրաբյանը պատասխանել է. «Ես բացարձակապես իմաստ չեմ տեսնում իրավապահներին որևէ բան փոխանցել, որովհետև իրավապահները հրաշալի իրազեկված են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որը երևի այս օրերին հիշել է իր նախկին մասնագիտությունն, իր նախկին ոստիկանի պաշտոնը, ոստիկանական մեթոդներով ամբողջ մարզը՝ համայնքապետերով, քաղաքապետերով հրահանգավորել է, ուղղորդել է դեպի «Իմ քայլը»։ Ի՞նչ դիմես իրավապահներին, այսինքն՝ տպավորություն է, թե մեր երկրում, ցավոք սրտի, ոչինչ չի փոխվում, և եթե վարչապետն իրապես տեղյակ չէ, որ Հունան Պողոսյանն առաջնորդվում է ՌոբաՍերժական ռեժիմի ընտրական մեթոդներով, ապա ես ընդամենն ուզում եմ հրավիրել վարչապետի ուշադրությունը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---