Նախագահ. 103 տարի անց ապացուցել ենք աշխարհին, որ լույսը կհաղթի, և ապացույցը ՀՀ-ն է

Նախագահ. 103 տարի անց  ապացուցել ենք աշխարհին, որ լույսը կհաղթի, և ապացույցը ՀՀ-ն է

PanARMENIAN.Net - 103 տարի անց հայ ժողովուրդն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, և ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, հայ ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:

Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին: Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է:

21-րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձևավորում արմատներ, ունենում հետևորդներ: Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է: Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ: Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատևել, եթե չպայքարենք դրա դեմ:

Մինչև լուսավոր կողմին անցնելը` կցանկանայի խոսել այս համաժողովի մասին: Հավանաբար, աշխարհում 2-3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել: Ցավոք, Հայաստանը այդ վայրերից մեկն է, որովհետև հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը»,-ասվում է ուղերձում:

Նա նշել է, որ Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածը. առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը: «Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա նաև այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա»,-ասել է նա:

Նախագահը նշել է, որ ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: Սա գործողություն է ընդդեմ հանդուրժողականության ՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն:

«Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը: Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի: Այն հատուկ է նաև մարդկային պատմության տեսանկյունից: Հազարավոր օրինակներ կան հայ կանանց մասին, ովքեր, փախչելով ցեղասպանությունից, իրենց հետ վերցրել են ամենաարժեքավորը՝ գիրքը: Իմ տատիկը նույնպես, ով Օսմանյան կայսրությունում ապրող բարեկեցիկ ընտանիքից էր, ցեղասպանության արհավիրքից փախչելիս որևէ բան, անգամ հագուստ կամ զարդ չի վերցրել, տարել է իր հետ ամենաարժեքավորները՝ որդուն և Աստվածաշունչը: Դժբախտաբար, որդուն կորցրել է Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերել է իր հետ: Այն մինչ օրս կա, և իր մեջ ունի ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև՝ այն երեխայի կորստի հիշողությունը, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է և լույսի տաճար:

Հայոց ցեղասպանությունը սկսվեց 103 տարի առաջ, իսկ մենք հիմա հիշատակում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, տները, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին:

Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը: Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն, միևնույն ժամանակ, ունեն արժանապատվություն ու հպարտություն, որ մենք կարող ենք հաղթել չարին: Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված և մարդասիրությունը»,-ասվում է ուղերձում:

Նա ողջունել է բոլորին Հայաստանում, մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը:

«Հայաստանը ձեզ հետ է, և հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»,- իր խոսքում ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»: «Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: Այս համերգով բացված եմ հայտարարում Երևանի Երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության և մշակույթի միջոցով ցեղասպանության կանխարգելման հարցերին»,-նշել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---