Արայիկ Հարությունյան. Առաջիկա տասնամյակներում Արցախը լիովին կհրաժարվի ածխաջրածնային վառելիքից

Արայիկ Հարությունյան. Առաջիկա տասնամյակներում Արցախը լիովին կհրաժարվի ածխաջրածնային վառելիքից

PanARMENIAN.Net - Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյաննիր ֆեսյբուքյան էջում հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:

Նա հավաստիացրել է, որ առաջիկա 30 տարում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով:

«Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը, որտեղ մշտական աշխատանքի է ընդունվել 23 երիտասարդ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք և Գետավան համայնքներից: Ասել է թե՝ կայուն եկամտով ապահովվել է ևս 23 երիտասարդ ընտանիք, որոնք շարունակելու են շենացնել մեր երկիրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դառնալով նրա հուսալի պաշտպանները…»,-ասվում է գրառման մեջ:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հեդրոէներգետիկային, կիսվել այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությամբ և, ընդհանրապես, կանաչ էներգիայի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեցող միտումներով:

«Առիթ եմ ունեցել նշելու, որ եվրոպական երկրները ներկայում հստակ քաղաքականություն են իրականացնում առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում աստիճանաբար ածխաջրածնային շարժիչային վառելիքներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հրաժարվելու նպատակով և որպես այլընտրանք՝ տարեցտարի մեծացնում են կանաչ էներգիայի արտադրության ծավալները: Գնահատելով այս առումով Արցախի ունեցած էներգետիկ ներուժը՝ շաբաթներ առաջ հայտարարել եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մինչև 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենանք: Եվ դա պետք է անենք ոչ միայն էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանելու, այլև ածխաջրածնային շարժիչային վառելիքներից ամբողջությամբ հրաժարվելու նպատակով: Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում Արցախը ևս լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), և տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Ու դրան հասնելու համար պետք է հավատ և վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: (Տասը տարի առաջ էլ թերահավատների պակաս չկար…)»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ արդյունքում Արցախը կախված չի լինի դրսի էներգակիրներից, և միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի և գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի բնակչության և տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:

«Տեղին եմ համարում խոսել նաև մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդրիների հետ: Այստեղ, միանշանակ, անհրաժեշտ է լինել անզիջում և խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները: Մարդկային գործոնի ազդեցությունը սեփական բնաշխարհի և բարիքների նկատմամբ պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղվող արդյունքով, այլ նաև այն իրողությամբ, թե ինչպիսի երկիր ենք ժառանգություն թողնելու մեր սերունդներին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահի խորհրդական, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն առաջին էլեկտրամոբիլը կներկրի Արցախ: Նա հայտարարել է, որ ժամանակն է, որ Արցախում անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ ստեղծվեն էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու համար՝ հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և Արցախում առկա էներգետիկ հնարավորությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---