Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումը դադարեցվել է 36 ժամով

Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումը  դադարեցվել է 36 ժամով

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջաննների որոշ հատվածներում 36 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը։ «Վեոլիա ջուր» ընկերությունը ներկայացրել է ջրանջատման պատճառները՝ նշելով, որ նման երկար ջրանջատումները համակարգում հաճախակի չեն և ունենում են լուրջ պատճառներ:

Ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման դադարեցումը: «Խնդիրը հետևյալն է: Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երևան» մայրուղային ջրատարով Երևան հոսով ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ իջնում դեպի Աբովյան պուրակում գտնվող «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը: Իսկ ջրի քանակի ավելացում՝ կնշանակի նաև հիդրավիկ ճնշման ավելացում ջրամբարում: Առավել ևս երբ ջուրը, ինչպես ասացի, վերևից է գալիս: Դրա համար էլ որոշեցինք «Աբովյան պուրակում» կառուցել այսպես կոչված «մարիչ հոր»՝ իր 400մմ տրամագծով փականով, որտեղ ջուրը նախ «հանգստանում է», կորցնում իր հարվածային ուժը և հետո միայն շարունակում իր ճանապարհը: Մեր դեպքում այն մասամբ լցվում է տեղի ջրամբարը և հետո՝ բաշխիչ ցանցով տրվում սպառողներին, մասամբ էլ առանձին խողովակաշարով ուղղվում է դեպի Այգեստան, Սարի Թաղ ու հարակից տարածքներ:

Նոր սխեման հետևյալ տեսքն ունի: Արաբկիրից եկող ջրագծից մենք կառուցում ենք շրջանցող խողովակաշար, որի վրա տեղադրվում է «մարիչ հորն» ու փականը: Այստեղից էլ արդեն «հանգստացած» ջուրը սահմանված ճշմամբ գնում է դեպի ջրամբար:

Հաշվի առնելով գործի զգալի ծավալը, աշխատանքներին ներգրավվել ենք շինարարական կազմակերպության, տեղում նախօրոք կուտակել ենք մետաղական նախապատրաստվածքներ, շինարարական տեխնիկա ու ծախսանյութեր: Աշխատում են նաև մեր «Կենտրոն» տեղամասի մասնագետները: Ամեն ինչ արվում է ծրագիրն արագ ավարտելու համար: Ելնելով տեխնոլոգիական առանձնահատկություններից, առաջինը ջուրը կստանան Այգեստանի ու Սարի Թաղի սպառողները, Երևանի փոքր կենտրոնին այն կտրվի քիչ ուշ՝ ջրամբարը լցվելուն համեմատ»,-ասել է նա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Արթուր Զակեոսյանը հավելել է, որ 36 ժամը՝ դա առավելագույն ժամկետն է, որի շրջանակներում աշխատանքները կավարտվեն:

«Բուն շինարարությունը շուտ կավարտվի, խնդիրը բաշխիչ ցանցը նորից մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջուր լցնելն է, այն տեղ հասցնելն ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելը: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Իհարկե, նման երկար ջրանջատում կենցաղային անհարմարություններ է ստեղծում սպառողների համար: Բայց «փոխհատուցումը» հավատացնում եմ լիարժեք կլինի. ավելի կայուն ու ապահով ջրամատակարարում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---