Մի չհասկացված զեկույցի պատմություն. Ինչի մասին է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասով աղմուկը

Մի չհասկացված զեկույցի պատմություն. Ինչի մասին է ԱՄՆ դեսպանատան հայտարարության  մասով աղմուկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիների համար ամեն տարի հրապարակում է ճամփորդության համար անվտանգ և վտանգավոր երկրների ցանկը:

Աշխարհի բոլոր երկրները բաժանվում են 4 դասակարգի՝ ըստ իրենց անվտանգության մակարդակի: Առաջին դասակարգում այն երկրներն են, ուր այցելելու դեպքում պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է «նախազգուշական բավականին սովորական միջոցներ կիրառել»: Երկրորդ դասակարգում են երկրները, որտեղ ԱՄՆ քաղաքացիները պետք է «մեծ զգուշություն ցուցաբերեն», երրորդում՝ երկրներն են, որոնց դեպքում պետքարտուղարությունը հորդորում է ամերիկացիներին «վերանայել այնտեղ այցելելու որոշումը», չորրորդ դասակարգում են երկրները, ուր ընհանրապես «խորհուրդ չի տրվում այցելել»:

Այս դասակարգումը կրում է խորհրդատվական բնույթ:

Հայաստանը 2018-ին ներառվել է առաջին դասակարգում. այսինքն ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին ՀՀ այցելելիս պարզապես հորդորում է կիրառել նախազգուշական սովորական միջոցներ: ՀՀ-ն, ընդ որում, անվտանգության համեմատաբար բարձր մակարդակ ունեցող երկրների դասակարգում է հայտնվել այնպիսի երկրների հետ, որոնք են Շվեյցարիան, Կանադան, սկանդինավյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները:

Իսկ, օրինակ՝ հարևան Ադրբեջանը երկրորդ դասակարգում է, ինչը ենթադրում է բարձր նախազգուշական միջոցառումներ այստեղ ուղևորվելիս: Թուրքիա մեկնելու որոշումը ԱՄՆ պետդեպը հորդորում է վերանայել:

ԱՄՆ դեսպանատունն այս մասին հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ տոնական օրերին ՀՀ այցելելու համար երկրի քաղաքացիները պետք է նախազգուշական սովորական միջոցներ ձեռք առնեն, և զգուշության կոչ էր արել:

Դեսպանատան հայտարարությունը, որը, ըստ էության, փոխանցում էր ԱՄՆ պետքարտուղարության կողմից աշխարհի երկրների՝ ճամփորդության համար անվտանգության մակարդակի վերաբերյալ ամեն տարի տրվող գնահատականը, տարընթերցումների տեղիք է տվել մամուլում՝ արհեստական աղմուկ բարձրացնելով նաև սոցիալական ցանցերում:

ՀՀ ոստիկանությունն էլ արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության», - ասված է Ոստիկանությնա հաղորդագրությւնում։

Հայաստանը 2017-ին ևս ճամփորդության համար անվտանգ երկրների շարքում էր՝ ԱՄՆ քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---