50 մլն դրամ՝ 649 ուսանողի ուսվարձի մասնակի փոխհատուցմանը

50 մլն դրամ՝  649 ուսանողի ուսվարձի  մասնակի  փոխհատուցմանը

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում որոշվել է 50 մլն դրամ հատկացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ և հարցումներ է ստանում վերոնշյալ անձանցից՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում ստանալու խնդրանքով:

Նախարարությունը քննարկել է հարցը և, հիմք ընդունելով նախորդ տարիների ցուցանիշները, նախատեսում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողի և երկու և ավելի երեխա ունեցող 112 ուսանողի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն 20%-ով, իսկ երկու և ավելի երեխա ունեցողներինը՝ 100%-ով: Վերջիններիս համար նախարարությունը նախատեսում է տրամադրել ևս 30 մլն դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում Կենտրոնական բանկի հետ քննարկվում են ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման տարբերակները:

«Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չառաջանա: Նրանք իսկապես պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ 13.7 մլն դրամ կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով:

2018-ի ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարում է ուսանողը, 50%-ը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարում է ուսանողը, իսկ 50%-ը՝ պետբյուջեի միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---