Կրծքով կերակրումից մինչև բարուր. Կարծրատիպերն ու ավանդույթները դեռ հաղթում են մանկաբույժների կարծիքին

Կրծքով կերակրումից մինչև բարուր. Կարծրատիպերն ու ավանդույթները դեռ հաղթում են մանկաբույժների կարծիքին

PanARMENIAN.Net - 2017 թվականի աշնանը մեկնարկել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման ծրագիրը։

Ծրագիրն իրականացնող թիմը հանդիպումներ է ունեցել հանրապետության բոլոր մարզերի թվով 30 համայնքի մանկաբույժների հսկողության տակ գտնվող 1000-ից ավելի ծնողի հետ, որոնք պատասխանել են երեխաների աճին, խնամքին ու զարգացմանը վերաբերող 35 հարցի: Նպատակն էր դուրս բերել այն թեմաներն ու խնդիրները, որոնց մասին ծնողներն ամենից քիչ են տեղեկացված կամ ունեն թյուր պատկերացումներ դրանց մասին:

Լրացված հարցաթերթիկները վերծանվել են մի քանի կատեգորիայով: Կարևոր է եղել հասկանալ, թե տվյալ մարզում, որոնք են «խոցելի» թեմաները: Թեստերի արդյուքները վերածվել են տոկոսային պատկերի ու ներկայացվել համայնքների մանկաբույժների համար կազմակերպված սեմինարների ընթացքում:

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանի կարծիքով. սա հիանալի հնարավորություն էր մանկաբույժների համար առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու այն մասին, թե երեխաների խնամքին, աճին ու զարգացմանն առնչվող որ թեմաներից են պակաս տեղեկացված իրենց համայնքների մայրիկները:

ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը նկատել է, որ յուրաքանչյուր մարզում գրանցվել է սխալ պատասխանների բարձր տոկոսներ գրանցած հարցերի ու թեմաների խումբ:

«Այսպես, մեզ համար ցավալի էր արձանագրել, որ Ապարանում հարցմանը մասնակից ծնողների 90 տոկոսից ավելին՝ «Արդյո՞ք երեխային պետք է բարուրել կյանքի առաջին ամիսներին» հարցին պատասխանել են՝ այո», - ասել է նա:

Ահա այն հարցերը, որոնց հարցման մասնակիցներն ամենից հաճախ են տվել սխալ կամ թերի պատասխաններ.

*Ի՞նչ հաճախականությամբ պետք է կրծքով կերակրել նոր ծնված փոքրիկին:

*Ե՞րբ պետք է սկսել երեխային հավելյալ սնուդ առաջարկել:

*Ո՞ր տարիքում պետք է երեխայի սննդացանկ մսամթերք ներմուծել:

*Ինչո՞վ է վտանգավոր երեխայի օրգանիզմի համար հավելյալ սննդի ուշ ներմուծում:

*Եթե երեխան սիրում ու պահանջում է, արդյո՞ք կարելի է գիշերվա ընթացում նրան տնական կոմպոտներ կամ մեղրաջուր տալ:

*Պետք է արդյո՞ք անհանգստանալ, եթե 3 տարեկանում երեխան դեռ չի կարողանում խոսել:

Հպանցիկ հայացքն էլ բավական է՝ հասկանալու, որ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է երեխաների սնուցմանը:

Ծրագիրն իրականացնող թիմն արձանագրում է՝ համայնքից համայնք կարմիր գծով անցնում է կարծրատիպերի ու ավագ սերնդի պարտադրանքի թեման: Մայրիկները հաճախ խոստովանել են, որ գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ վարվել, սակայն ընտանիքի ավագների կարծիքն ու պարտադրանքն ի վերջո հաղթում են:

Իմանալով դա ու այն, որ 21-րդ դարում տեղեկատվության աղբյուրները չափից շատ են ու հաճախ ոչ վստահելի, «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» խորագրով արշավը կարևոր ևս մեկ նպատակ է հետապնդել՝ բարձրացնել համայնքում մանկաբույժի հեղինակությունը:

Ծրագրի համակարգող Գոռ Պետրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարզում իրականացրել են սեմինարներ ծրագրում ընդգրկված բոլոր համայնքների մանկաբույժների մասնակցությամբ:

«Սեմինարների նպատակը՝ մանկաբույժ-ծնող կապն ամրապնդելն էր, սակայն ոչ թե մանկաբույժներին մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ փոխանցելու, այլ մոտիվացման, կոնֆլիկտների կառավարման, ժամանակի գրագետ պլանավորման և ինքնախրախուսման եղանակների ուսուցման ճանապարհով»,- բացատրել է Գոռը:

«Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, այնպես էլ տեղական, պետական ու միջազգային այլ կառույցների կողմից տարիներ շարունակ իրականացված իրազեկման ծրագրերի շնորհիվ այսօր արձանագրում ենք մանկական մահացության թվի անկման հստակ դինամիկա, կրծքով սնուցման տոկոսների աճ և բազմաթիվ այլ դրական տեղաշարժեր: Սակայն, սերունդների հերթագայությունն անընդմեջ է, ուստի մեր փոքրիկների աճի ու զարգացման համար կատարյալ միջավայր ու պայմաններ ստեղծելու ուղղությամբ դեռ պետք է աշխատել», - համոզմունք է հայտնել տիկին Հովակիմյանը:

Դեկտեմբերի 15-ին Երևանի մի խումբ մանկաբույժների համար նույն բովանդակությամբ իրականացված սեմինարը վերջինն էր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---