Փաշինյանն արձագանքել է 10 000 դրամի գողությունից հետո դատապարտված կնոջ որդու ծառայակիցների նամակին

Փաշինյանն արձագանքել է 10 000 դրամի գողությունից հետո դատապարտված կնոջ որդու ծառայակիցների նամակին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է 10 000 դրամի գողության համար դատապարտված կնոջ՝ Հասմիկ Սարգսյանի, որդու ծառայակիցների նամակին, որտեղ վերջիններս խնդրել էին ներում շնորհել նրան:

«Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ»,-ասվում է վարչապետի պաշտոնակատարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Փաշինյանը նշել է, որ հանձնարարել է տեղեկանք պատրաստել Հասմիկ Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ և ստացել է ներքոշարադրյալ տեղեկությունները:

1. 2015-ի սեպտեմբեր՝ Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո:Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

2. 2016-ի հունվար՝ Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել:

3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017-ի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

2018թ. հունիսի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել` 01.12.2015 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 29.04.2016 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի կրման սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ընդունել է վարույթ:

Ավելի վաղ մի խումբ զինծառայողներ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրան մարդասիրություն դրսևորել և թույլ չտալ ազատազրկել իրենց ծառայակցի մորը՝ Հասմիկ Սարգսյանին: Վերջինս առավել հայտնի է դարձել հանրությանը, երբ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մի քանի պայմանականորեն չկիրառված դատավճիռ ունենալու պարագայում 10,000 դրամի գողություն անելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---