Պաշտպան. Քաղաքական որոշում կա՝ Մանվել Գրիգորյանին մահվան հասցնել

Պաշտպան. Քաղաքական որոշում կա՝ Մանվել Գրիգորյանին մահվան հասցնել

PanARMENIAN.Net - Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ դատարանը երկարաձգում է իր պաշտպանյալի կալանքը՝ կատարելով Հատուկ քննչական ծառայության պատվերը:

«Մանվել Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի պատասխանատուներն են ՀՔԾ-ն և դատախազությունը: Եթե կալանքի որոշումը չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում՝ նրան պահել պատանդի վիճակում և մահվան հասցնել: Սա ընտրովի արդարադատություն էասել է Լևոն Բաղդասարյանը, գրոմ է «Առավոտը»:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չկա փաստ, որ Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, չկա դատաբժշկական փորձաքննություն՝ Լևոն Բաղդասարյանը նկատել է. «Նա ունի մեկ տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք փաստվել են հենց վարույթն իրականացնող մարմնի նշանակած դատաբժշկական փորձաքննություններով»:

Այնուհետև Լևոն Բաղդասարյանը համոզմունք է հայտնել՝ բացառվում է, որ կալանքից ազատվելու արդյունքում Մանվել Գրիգորյանը խոչընդոտի և խուսափի քննությունից: Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ դատարանի՝ կալանքի որոշումը երկարաձգելու որոշումը կբողոքարկվի, սակայն Գրիգորյանը մտադիր չէ ներպետական դատական ատյանները սպառելուց հետո դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Գտնում է, որ իր պետությանը դատի տալ պետք չէ»:

Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական ու հոգեբանական վիճակը վատթարանում է: «Կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշել էր Արման Թաթոյանը:

Դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---