Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքողերը գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ բողոքողերը գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

PanARMENIAN.Net - Գեներալ,ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը դեկտեմբերի 24-ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել արդարադատության նախարարության շենքի դիմաց: Այնուհետև նրանք Գլխավոր դատախազության շենքի դիմաց պահանջել են, որ Արթուր Դավթյանն իջնի ու հանդիպի իրենց հետ, լսի իրենց պահանջը, պատասխանի իրենց հարցերին։

Դավթյանին ակցիայի մասնակիցները 20 րոպե ժամանակ են տվել, հակառակ դեպքում Էջմիածնում տարբեր խմբեր փակելու են ճանապարհները, հայտնում է Panorama.am-ը։

«Ես վստահ եմ, որ Փաշինյանը մեզ այս պահին հետևում է ու լսում։ Երեկ նա էլ հայտարարեց՝ ժողովուրդն ինչ անում է, իրավաչափ է ու օրինաչափ»,-հայտարարել է նախաձեռնության անդամներից մեկը։

Դատախազը նշված ժամանակում չիջավ ցուցարարների հետ հանդիպման: Արթուր Դավթյանի հետ հանդիպում կազմակերպելու համար բանակցելու իջած աշխատակցին ակցիայի անդամները մերժեցին։

«Մենք դատախազին ենք պահանջում, մենք նրա տեղակալներին էլ ենք ճանաչում, մեր պահանջն ուղղված է գլխավոր դատախազին։ Եթե նա չի իջնում, ուրեմն մեզ արհամարում է։ Թող գա դատախազն ասի այն, ինչ պիտի ասեր նրա տեղակալը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոք կներկայացնի գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Գրիգորյանը ձերբակալված է 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---