Հայրապետյան. Սփյուռքի նախարարության լուծարման մասին փաստաթղթում փոփոխություններ կլինեն

Հայրապետյան. Սփյուռքի նախարարության լուծարման մասին փաստաթղթում փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին, ասել է, որ կիսում է նախարարության աշխատակիցների մտահոգությունները:

Նա հավելել է, որ իր համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, ուստի պետք է հասկանալ, թե որ ինստիտուտն է իրականացնելու նախարարության գործառույթները: «Դրա համար ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա», - ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հայրապետյանը հայտնել է նաև, որ սփյուռքի նախարարության աշխատակիցները սահմանված ընթացակարգով մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը:

Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, բայց ի տարբերություն մնացած նախարարությունների՝ սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է:

«Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, քանի որ հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար, մենք նախարարության լուծարման վերաբերյալ մտահոգությունները հայտնել ենք քաղաքական թիմին», - ասել է Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ սփյուռքի նախարարությունը ևս միանա որևէ այլ նախարարության:

Դեկտեմբերի 21-ին մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---