ՀՖՖ փոխնախագահ. Մելենդեսն աշխատելու է ՀՀ բոլոր հավաքականների հետ՝ իսպանական մոդելով

ՀՖՖ փոխնախագահ. Մելենդեսն աշխատելու է ՀՀ բոլոր հավաքականների հետ՝ իսպանական մոդելով

PanARMENIAN.Net - ՀՖՖ նոր տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը Հայաստան կժամանի հունվարի 1-ին և ևս երկու մարզչի հետ բնակություն կհաստատի ՀՀ-ում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մելիքբեկյանը խոսել է նաև ապագա ծրագրերի մասին, հայտնում է Panorama.am-ը:

«Մելենդեսն աշխատելու է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների հետ: Այս մոդելը գործում է Իսպանիայում: Աշխատում են ընդհանուր ծրագրով, տարբեր հավաքականների մարզիչներն օգնում են միմյանց, իսկ տեխնիկական տնօրենը վերահսկում է այդ ամենը: Մելենդեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով»,- ասել է ՀՖՖ փոխնախագահը:

ՀՖՖ փոխնախագահը հավելել է նաև, որ Հայաստանում կձևավորվի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի հավաքական: Մինչ այժմ նման բան դեռևս չի եղել: Ընտրանին անցկացնելու է միայն ընկերական հանդիպումներ, քանի որ թիմի համար նախատեսված մրցաշարեր չկան:

«Այո, կունենանք մինչև 18 տարեկանների հավաքական: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս տարիքային հավաքականների մարզիչների նշանակմանը, այդ հարցով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ քննարկումներ են ընթանում: Բոլոր հարցերի պատասխանները կտանք հունվարի վերջին: Լայնածավալ ծրագիր կա՝ կապված մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Նախատեսված են մի շարք ընկերական հանդիպումներ՝ եվրոպական թիմերի հետ»,- ասել է Մելիքբեկյանը:

Մելիքբեկյանը շեշտել է, որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլի զարգացումը: Հայաստանի մարզերից ընդամենը 29 բնակավայրերում են կազմակերպված ֆուտբոլ խաղում, իսկ դա, ըստ ՀՖՖ փոխնախագահի, շատ վատ ցուցանիշ է:

«Սկսում ենք Վայոց Ձորի մարզից: Ինչու Վայոց Ձոր, քանի որ այստեղ միակ վայրն է, որտեղ կազմակերպված ֆուտբոլ չեն խաղում: Մտադիր ենք կառուցել 10-12 խաղադաշտեր, ապա կանցնենք Գեղարքունիքի մարզին, որտեղ երկու անգամ ավելի շատ մինի-մարզադաշտեր կկառուցվեն: Բացի այդ, նոր մոտեցում ենք ցուցաբերելու այն ներդրողների հանդեպ, ովքեր ուզում են ակումբ պահել: Նրանք կմասնակցեն ենթակառուցվածքների շինարարությանը, կխրախուսենք նրանց: Կկառուցենք դաշտեր անհատ ներդրողների համար: Գորիսում, օրինակ, ցանկություն կա ֆուտբոլի դպրոց բացել, եթե նպատակն իրականանա, մենք էլ կկառուցենք մարզադաշտը»,- ասել է Մելիքբեկյանը:

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլք։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---