Մինչև հունվարի 15-ը Երևանում գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտուրը կվերացվի

Մինչև հունվարի 15-ը Երևանում գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտուրը կվերացվի

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում և առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում՝ նշելով, որ նախազգուշացումներն ու տուգանքները չեն նպատակը:

«Ըստ մեր տվյալների՝ Երևանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաև մեր քաղաքացիներից: Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին: Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ: Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավելևս՝ սննդամթերք»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Փողոցային առևտրի առատությունից դժգոհում են նաև խանութների տերերն ու վարձակալները. մարդիկ, որոնք գյուղմթերքի օրինական վաճառքով են զբաղվում, վճարում հարկեր, տուրքեր, սակայն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում՝ փողոցում առևտուր ծավալած քաղաքացիների համեմատ:

«Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առևտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առևտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ և շարունակեն իրենց ապօրինի առևտուրը»,- ասել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում:

Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը:

«Սակայն օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Բանջարեղենից մինչև տոնական զարդարանքներ, հագուստ, ձկնեղեն, անգամ՝ մսամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրն ամեն տարի աշխուժանում է հատկապես Ամանորի նախաշեմին: Արդյունքում գրեթե փակվում ու անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում փողոցները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---