Միրզոյանն ասում է ՀՀ-ից որդեգրվածների օրգանների վաճառքի կասկածների մասին, ԱԱԾ-ն պնդում՝ նման դեպքեր չեն գրանցվել (վիդեո)

Միրզոյանն ասում է ՀՀ-ից որդեգրվածների օրգանների վաճառքի կասկածների մասին, ԱԱԾ-ն պնդում՝ նման դեպքեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արդարադատության նախարարության ներկայացրած երեխաների որդեգրման նախագծի քննարկման ընթացքում մտահգություն է հայտնել որդեգրման վտանգների և երեխաների օրգանների հնարավոր վաճառքի վերաբերյալ:

Միրզոյանը նշել է, որ որդեգրման հարցում խոսքը միայն կոռուպցիայի վտանգի մասին չէ, կան ավելի մեծ վտանգներ:

«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Գումարները, որի մասին խոսում են, որոնք սկսվում են ծննդատնից ու շարունակվում, միայն այսբերգի գագաթն են, շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ արտասահման որդեգրվող երեխաների։ Մենք նաև արդարադատության նախարարության հետ ենք խոսել, այց է կատարվել ստուգելու, մինչև այս կատարված փաստաթղթային ստուգումները բավարար են, այն առումով, որ ոչ մի վատ բան չի կատարավել, բայց շարունակաբար աշխատում ենք։ Կասկածներ կան, որ երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները բավականին հայտնի են նաև այդ վատ առումով», - ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ինքն ամիսներ շարունակ փորձել է քանդել այդ կծիկը, սակայն վերջնարդյունք չի գրանցել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե կան արդյոք հստակ փաստեր, Միրզոյանը պատասխանել է, որ դա տարածված երևույթ է ողջ աշխարհում:

«Խոսքը հետևյալի մասին է, երբեմն որոշ կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրներից երեխաներ, և հետագայում այդ երեխաները կարող է զրկվեն իրենց մի երիկամից և այլն», - ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այս ոլորտում լրջագույն վերահսկողության կարիք կա:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Այդ գործընթացը գտնվում է մեր վերահսկողության ներքո և մինչև օրս նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգաններն օգտագործեն։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ վերահսկողության ներքո»,- ասել է ԱԱԾ տնօրենը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս նշել է, որ նման քրեական գործեր չեն ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---