// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արշակյան. ՌԴ-ն Լարսն արդիականացնելու ծրագիր ունի՝ լայնացում է պետք

Արշակյան. ՌԴ-ն Լարսն արդիականացնելու ծրագիր ունի՝ լայնացում է պետք

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իր սահմանային անցակետերի արդիականացման մասով ծրագիր ունի, և Լարսը նույնպես պետք է ներգրավված լինի այդ ծրագրում` որպես կրիտիկական անցակետ և ՀՀ-ի համար կարևորագույն կետ: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին է ասել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բանակցություն է եղել այն մասով:

«Գլոբալ արդիականացում է տեղի ունենում, որը կմեկնարկի 2019-ին: Այդ արդիականացումները ենթակառուցվածքներին նույնպես վերաբերելու են, այսինքն` ժայռերի քանդում, լայնացում պետք է լինի, և մենք բանակցություններ ենք վարում նաև, որպեսզի այդ սեզոնին բեռնափոխադրումների ընդհատումներ չլինեն»,- ասել է Արշակյանը, հայտնում է yerkir.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվում են արդյոք քննարկումները ռուսական կողմի հետ Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, որի մասին հայտարարում էր նախորդ իշխանությունը՝ Արշակյանն ասել է, որ Լարսին այլընտրանք գտնելու հարցի շուրջ բանակցություններ, քննարկումներ տարվում են:

Արշակյանը նշել է նաև, որ քննարկումներ ընթանում են, սակայն արդյունքների մասին որևէ ինֆորմացիա այս պահին չի կարող հրապարակել: «Հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, այս պահին չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ: Բացի այդ` դրանք եռակողմ բանակցություններ են, և որպես երրորդ կողմ` չեմ ուզում այս պահին մեկնաբանություններ անել»,- ասել է նա:

Արշակյանը նշել է, որ խոսքը Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհի մասին չէ, քանի որ այնտեղ լաստանավային ճանապարհ կա, և չի կարծում, որ այնտեղ խնդիր կա: «Այդտեղ մի պահ մեկնաբանությունների առիթ էր դարձել «Հարավկովկասյան երկաթուղիների» և մեր տնտեսվարողների միջև եղած տնտեսական բանավեճը գնի և ծավալների ապահովման հետ կապված: Լաստանավային ճանապարհը ըստ անհրաժեշտության է գործում, և այդտեղ մենք դադարեցում չունենք»,- հայտնել է նա:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

 Ուշագրավ
«Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից
Որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ